Պատմություն

<<Գորիսն ուներ մի թագավորական ուսումնարան՝

ռուսաց շկոլ, և մի հայոց դպրոց>>:

Ակսել Բակունց

1966թ. աշնանային ամպամած ու անձրևոտ մի օր Ակ. Բակունցի անվան միջնակարգ դպրոցի բակում իրարանցում էր, եռուզեռ, ուսուցիչներն ու աշակերտները, ուրախությունն ու թախիծը միահյուսվել էին: Բոլորի տրամադրությունը տոնական էր. քաղաքի մայր դպրոցից ծնվում էր ևս 1 դպրոց՝ թիվ 3 միջնակարգը:

Այսպես՝ 1966թ. <<Վանքի տափ>> տարածքում կյանքի կոչվեց ևս 1 կրթօջախ՝ <<Գորիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոց>> անունով:

Դպրոցական շենք, որը շինարարների ամենալավ ու թանկ պարգևն էր Վանքի տափ  թաղամասի բնակիչներին և նրանց սերունդներին՝ 3 ուսումնական մասնաշենքերով.կրթության դարբնոց, որի քուրայում կոփվել և դեռ քանի-քանի հերթափոխ է կոփվելու՝ հյուրընկալ կամարների ներքո պատվաստվելով մարդկային բարձրարժեք որակներով:

1999թ. դպրոցը անվանակոչվել է պետական-քաղաքական գործիչ, համաերկրացի Յուրի Բախշյանի անունով:

ՆԶՊ կաբինետը անվանակոչված է 1993 թ-ի շրջանավարտ, ոսկե մեդալակիր, Ղարաբաղյան ազատամարտերի մասնակից ու նահատակ Մարտին Համլետի Վարդանյանի անունով:

2010թ. հունիսի 25-ի ՀՀ Սյունիքի մարզպետի N22-Ա որոշման դրույթների համաձայն, հիմք ընդունելով իրավաբանական անձանց  պետական ռեգիստրի  Գորիսի տարածքային բաժնի կողմից 2010թ. հուլիսի 26-ի  կազմակերպության վերանվանման կապակցությամբ տեղեկատվությունը, դպրոցը վերանվանվել է <<Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ:

1966-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցում աշխատել են 5 տնօրեններ:

1966-2010թթ. ընկած ժամանակահատվածում 83 շրջանավարտներ պարգևատրվել են մեդալով:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի անդամներից 5-ը մասնակցել են Մեծ հայրենականին և վերադարձել փառքով:

Ղարաբաղյան ազգային — ազատագրական շարժման առաջին իսկ օրից կամավոր մեկնեցին դպրոցի սաներից շատերը, ուսուցիչներ՝ ունեցած և չունեցած զենքով պաշտպան կանգնելով Ղարաբաղի ազատագրության համար մղված արյունալի մարտերին: Դպրոցի շրջանավարտներից 7-ը նահատակվեցին Ղարաբաղի ազատագրական պայքարում:

Ապրիլյան քառօրյա պատերազմին ևս իրենց մասնակցությունն են ունեցել դպրոցի ուսուցիչներ, շրջանավարտներ:

Դպրոցում աշխատում է տարակարգի I աստիճան ունեցող 7 ուսուցիչ:

Ավանդույթներով հարուստ դպրոցի անցած ուղին արժևորողը մանկավարժական կոլեկտիվի և սաների հաջողություններն են: Մանկավարժական կոլեկտիվի արդյունավետ գործունեության հավաստիքն են դպրոցականների առարկայական օլիմպիադաներում, տարբեր մրցույթներում ունեցած նվաճումներն ու ձեռքբերումները՝ դիպլոմներ, գովասանագրեր, շնորհակալագրեր:

Դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվը այն կուռ ու ամուր հիմնաքարն է, որ կոչված է վսեմ առաքելության՝ պատրաստել հասարակությանը պիտանի  անհատ-քաղաքացիներ՝ օժտված կայուն գիտելիքներով, բարձր նկրտումներով, խոստումնալից ապագայի հաստատուն հեռանկարով:

 


Նախկին տնօրեններ

 

N Անուն  ազգանուն Որ թվականներին է աշխատել որպես տնօրեն
1. Շեգունց Արշակ 1966-1974թթ.
2. Տատինցյան Հայկ Տիգրանի 1975-1978թթ.
3. Գրիգորյան Արտաշես Աթայի 1979-1984թթ.
4. Ալեքսանյան Յաշա Սամվելի 1985-2005թթ.